Էմմին ուղերձ է հղել երկրպագուներին

14:33 • 08.03.11

Մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռուստադիտողները (sms քվեարկության միջոցով) և ժյուրին ձայների 50/50 հարաբերակցությամբ հնարավորություն ունեցան ընտրել «Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող Էմմի Բեջանյանի երգը։ Ներակայացված էր 5 երգ՝ Վահրամ Պետրոսյանի Hi, Մարտին Կեսիչիի Good Bye, Ապրիկոտայի Boom-Boom, Դեր Հովայի Ayo ստեղծագործությունները: Արդյունքում՝ հաղթեց Ապրիկոտայի ստեղծագործությունը։

Երգի ընտրվելուց հետո չէին դադարում երգի ընտրության հետ կապված մեկնաբանությունները, Էմմիի հասցեին վիրավորանքները։ Շատերը դժգոհ էին Boom-Boom-ի ընտրությունից։ Հավանաբար այդ խոսակցություններին վերջ տալու նպատակով երգչուհին իր պաշտոնական կայքում՝ Emmy.am, զետեղել է հետևյալ մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցնե՛ր, հեռուստադիտողնե՛ր, սրտացավ մարդի՛կ, Ես շնորհակալ եմ Ձեր նամակների, հեռախոսազանգերի, սոցիալական տարբեր ցանցերում Ձեր ակտիվության համար: Ցավում եմ, որ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի հայաստանյան ընտրությունը շատերիդ մոտ առաջացրեց երկակի զգացումներ: Մի կողմից դուք փորձում եք ինձ սատարել որպես երգչուհի, մյուս կողմից փնովում այն երգը, որն ընտրել են Ձեզ պես կարծիքի իրավունք ունեցող բազմաթիվ հեռուստադիտողներ: Ես չէի ցանկանա, որպեսզի մենք` հայերս, ճաշակի կռիվ տանք այս պահին:

Ես ինքս բազմաթիվ անգամ շնորհակալություն եմ հայտնել բոլոր օտարերկրյա և հայ երգահաններին ամիսներ շարունակ ինձ երգեր ուղարկելու համար: Միշտ ցանկացել եմ ունենալ հնարավորություն բոլորն անխտիր կատարել Ձեզ համար ուղիղ եթերում, որպեսզի դուք պատկերացում կազմեք բոլոր ստեղծագործությունների մասին, սակայն դա հնարավոր չէր Հանրային հեռուստատեսությունում գործող երգի ընտրության կանոնների համաձայն: Լինելով այդ կանոնների առաջին հետևորդը` ներկայացրել եմ չորս հայտնի երգերը մարտի 5-ի հեռուստատեսային ընտրության ժամանակ: Անչափ շնորհակալ եմ բոլոր հեղինակներին և երգերի վրա աշխատած մարդկանց այն աշխատանքի համար, որը կատարել են:

Եթե մի երգի համար քվեարկությունն եղել է ավելի ակտիվ, քան մյուսների համար, հավատացեք` իմ մեղավորությունը չէ: Ես պարտավոր եմ որպես երգչուհի ենթարկվել ընտրության կանոններին և ընդունել այդ կանոններով նախատեսված 50/50 տարբերակը: Տվյալ պարագայում դուք եք եղել ակտիվ, կամ պասիվ և դուք եք որոշել այն երգը, որը պետք է ներկայացնեմ Գերմանիայում: Այս ամենի կոնտեքստում ուզում եմ ընդգծել, որ չեմ ցանկանում Ձեր անձնավորված ոչ մի վիրավորանքի պատասխանել, առավել ևս մեկնաբանություններ լսել լուսահոգի հայրիկիս կարծիքի, կամ մայրիկիս առողջության վերաբերյալ:

Ես Ձեզ շատ սիրում եմ ու գնահատում եմ, սակայն չեմ ընդունում անձնական ու ընտանեկան իրավիճակիս մասին և ոչ մի մեկնաբանություն, հրամայական արտահայտություններ, սադրանքի փորձեր: Դրա բարոյական իրավունքը ոչ ոք չունի: Ուստի խնդրում եմ ինձ զերծ պահել այն մաղձից, որն անդադար ինձ ուղարկում եք: Հավատացեք` դա ինձ միայն տխրեցնում է, ուժերս էլ աննպատակ սպառում: Ելույթին պատրաստվելու փոխարեն ստիպված եմ դիմադրել հոգեբանական անարդարացի ճնշմանը: Վստահ եմ, որ կհասկանաք` ինչ նկատի ունեմ: Սիրով Ձեր Էմմի»։