Լոնդոնում ցուցադրվում է աշխարհի ամենաթանկ կտավը
Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում երեկվանից բացվել է մեկ նկարի ցուցադրություն։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, ցուցադրվում է իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կանաչ տերևների ու կիսանդրու ֆոնին մերկացածը» կտավը։ Նկարը, որը պաշտոնապես համարվում է արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, արժե շուրջ 106,5 միլիոն դոլար։
Կտավը հանրության դատին չէր ներկայացվել 1961-ից ի վեր, իսկ Մեծ Բրիտանիայում այն երբևէ չի ցուցադրվել։ Պատկերասրահի տնօրեն Նիքոլաս Սերոտի խոսքով՝ կտավը ցուցադրության համար տրամադրել է դրա օրինական տերը, որը չի ցանկացել հայտնել իր անունը։
1932թ. ստեղծված կտավում Պիկասոն պատկերել է իր սիրուհուն՝ Մարիա-Թերեզա Վալտերին, որի հետ ծանոթացել էր 1927թ. Փարիզում։ Նրանց հարաբերությունները շարունակվեցին մինչև 1930-ականները, իսկ 1935-ին Վալտերը դուստր պարգևեց նկարչին։
Նշենք, որ նկարը ռեկորդային գնով վաճառվել էր 2010թ. Christie՚s աճուրդում։ նախորդ ռեկորդը սահմանել էր Ալբերտո Ջակոմետտիի «Քայլող մարդը» կտավը։










