Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը չի կայանա. վաճառված տոմսերի գումարները վերադարձվում են մաս-մաս
Հայաստանում համաշխարհային մեծության աստղ, գերմանացի երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը տեխնիկական պատճառներով մի քանի անգամ հետաձգվել էր։ Ի սկզբանե այն նախատեսված էր անցկացնել փետրվարի 14-ին, ապա՝ 19-ին։ Այնուհետև որոշվել էր, որ այսօր վերջապես պետք է կայանար Սառա Քոնորի, Արա Մարտիրոսյանի, Սիրուշոյի և մոլդովական «Օզոն» խմբի մեներգիչ Արսենիոյի համատեղ համերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Օրերս պարզվեց, որ այն ընդհանրապես չի կայանալու։
Կազմակերպիչները նախապես տեղեկացրել էին, որ համերգի հետաձգման պատճառները տեխնիկակական բնույթի են, թե իբր երգչուհին այնպիսի տեխնիկական միջոցներ է պահանջել, որպիսիք Հայաստանում չկան: Նրանք խոստացել էին, որ բոլոր տեխնիկական խնդիրները մինչ այդ կհարթվեն։
Այդուհանդերձ, համերգի կազմակերպիչ VH Music պրոդյուսերական կենտրոնը հրաժարվել է համերգի անցկացումից։ Ընկերության տնօրենը խոստացել է վերադարձնել վաճառված տոմսերի գումարները, սակայն «փուլ առ փուլ»։
Հետագայում հնարավոր է, որ երգիչ Արա Մարտիրոսյանը և «Սիրուշո Փրոդաքշնի» տնօրեն Արևիկ Ուդումյանը դատական հայց ներկայացնեն VH Music-ի դեմ՝ պայմանագրի կետերը խախտելու համար։
Տոմսեր գնած քաղաքացիները կարող են ետ ստանալ իրենց գումարները Իսահակյան 28 հասցեում տեղակայված գրասենյակից, սակայն մինչև օրս ընկերությունը տոմսերի գումարները չի վերադարձրել։










