Իսրայելից գողացել են «Մերկ Բալզակին»
Երուսաղեմում գտնվող Իսրայելի թանգարանից գողացվել է Օգյուստ Ռոդենի «Մերկ Բալզակը՝ խաչած ձեռքերով» բրոնզե արձանը։ Այս մասին այսօր հայտնել է իսրայելական «Հաարեց» պարբերականը։
Արձանի անհետացման մասին հայտնի է դարձել միայն թանգարանի մի քանի տարի ձգվող վերանորոգումից հետո։
Արձանը տեղադրված էր թանգարանին հարակից այգում և վերանորագման աշխատանքների ընթացքում ժամանակավորապես պահվել է պահոցում։ Թե ինչ պայմաններում է անհետացել գրողի արձանը, առայժմ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ թանգարանի այգում տեսախցիկներ տեղադրված չեն եղել։
Գողացված արձանը Ռոդենը քանդակել է 1892-1893թթ.։ Դա Բալզակի այն արձաններից շարքից է, որը Ռոդենն ստեղծել է փարիզյան ծառուղում տեղադրված գրողի արձանը կերտելիս։ Իսրայելի թանգարանին արձանը նվիրել էր ամերիկացի հավաքորդ Բիլլի Ռոուզը։
Իսրայելական ոստիկանությունն արդեն սկսել է Բալզակի արձանի որոնման աշխատանքները։










