Հայտնաբերվել է Շոպենի հետմահու լուսանկարը
Լեհ լուսանկարիչ ու հավաքորդ Վլադիսլավ Ժուխովսկին հայտնաբերել է Ֆրեդերիկ Շոպենի հետմահու արված լուսանկարը։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը։ Լուսանկարի հեղինակն ամենայն հավանականությամբ Լուի-Օգյուստ Բիսոնն է։ Ժուխովսկին, իր հերթին, այն ձեռք է բերել մի շոտլանդացուց։
1849-ին թվագրվող լուսանկարում տաղանդավոր կոմպոզիտորը պատկերված է մահվան մահճում։
Վարշավայում տեղակայված Շոպենի թանգարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն կարող ստուգել լուսանկարի իսկությունը, մինչև չտեսնեն այն։ Ընդ որում՝ ինչպես հաղորդում է լեհական Fakt պորտալը, լուսանկարում պատկերված տղամարդը իրականում Շոպենն է։
Եթե լուսանկարի իսկությունը հաստատվի, ապա այն իսկապես կարելի է սենսացիոն համարել։ Այսօրվա դրությամբ աշխարհին հայտնի է կոմպոզիտորի կենդանության օրոք արված ընդամենը երկու լուսանկար։ Մեկի հեղինակը Լուի-Օգյուստ Բիսոնն է, որն արվել է նույն 1849-ին։
Լուսանկարի օգտին է վկայում փաստը, որ 1849թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում մահացած Շոպենի մահը մեծ իրադարձություն էր արվեստների մայրաքաղաքի համար։ Շոպենի մահից հետո հայտնի քանդակագործ Օգյուստ Կլեզինժեն՝ Պեր-Լաշեզում կոմպոզիտորի մահարձանի հեղինակը, գիպսից պատրաստել էր նրա մահվան դիմակը։ Բիսոնը՝ տվյալ ժամանակի հայտնի լուսանկարիչը, ամենայն հավանականությամբ, կարող էր հետմահու անմահացնել այդ պահը։










