Ալաբինան համերգ կտա Երևանում
Աշխարհահռչակ երգչուհի Ալաբինան մարտի 30-ին մենահամերգով հանդես կգա Երևանում՝ ներկայացնելով հին հիթեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ:
Ինչպես հայտնում են համերգի կազմակերպիչ «Նուռ Փրոմոուշենս» ընկերությունից, Ալաբինայի ձայնասկավառակները վաճառվել են միլիոնավոր օրինակներով: 2005 թվականին նա թողարկել է իր հինգերորդ ձայնասկավառակը, որի ձայնագրման աշխատանքներն իրականացվել են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Թուրքիայում: Չնայած ձայնասկավառակի մեծ հաջողությանը` Ալաբինան դադար է վերցնում և 2007 թ.-ին լույս աշխարհ է բերում իր երկվորյակներին: Նրա` 2009 թ.-ին ձայնագրած «Յահադ» երգը Նյու Յորքում կայացած Apple Music Awards-ի ժամանակ արժանանում է «տարվա լավագույն երգ» մրցանակին:
Ներկայումս Ալաբինան աշխատում է իր նոր ձայնասկավառակի վրա:
Երևանյան համերգը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 19:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:










