«Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի շնորհիվ վերանորոգվել է Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցը
Երևանի Մալունցյանի անվան արվեստի դպրոցում մարտի 11-ին տեղի է ունեցել համերգ` դպրոցի սաների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, միջոցառումները նվիրված էին 2010թ. դեկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տիկնոջ կողմից ղեկավարվող «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի միջոցներով դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտին:
Անցյալ տարեմուտին «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվել է Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցին և Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցին:
Ելույթ ունենալով միջոցառմանը՝ «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի ղեկավար Նատալյա Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել տոնավաճառի բոլոր մասնակիցներին` Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք աջակցել են այս նպատակի իրականացմանը: Տիկին Նալբանդյանը շնորհավորել է դպրոցի ուսուցչական կոլեկտիվին և սաներին վերանորոգման աշխատանքների ավարտի կապակցությամբ և մաղթեց նորանոր ստեղծագործական հաջողություններ արդեն առավել հարմարավետ պայմաններում:
Կազմակերպված համերգի ժամանակ ելույթներով և կատարումներով հանդես են եկել դպրոցի սաները:










