Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնում
Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը և Embassy Series հայտնի կազմակերպությունը Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել են հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։
Անտոնիո Պագանինիի, Յոհաննես Բրամսի, Սերգեյ Ռախմանինովի, Ադամ Խուդոյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարումը մեծապես տպավորել է օտարերկրյա ունկնդրին։
Համերգին ներկա ավելի քան հարյուր հյուրերը բարձր են գնահատել հայ կոմպոզիտորների և Նարեկ Հախնազարյանի արվեստը ճանաչելու բացառիկ հնարավորությունը։
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ. Երևանում, երաժիշտների ընտանիքում։ Երաժշտական կրթությունն ստացել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում, ապա Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։
Նարեկը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ մայրաքաղաքներում՝ Տոկիո, Լոնդոն, Փարիզ, Վիեննա, Մոսկվա, Երևան։










