Ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը «գեղեցիկ կհեռանա» կինոյից
Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ամենահայտնի ու յուրօրինակ ռեժիսորներից մեկը՝ Սթիվեն Սոդերբերգը, հայտարարել է կինոմատոգրաֆիայում իր կարիերան ավարտելու մասին։
Այս մասին օսկարակիր ռեժիսորը հայտարարել է ռադիոեթերում։ Սոդերբերգի խոսքով՝ կենսագրական «Լիբերաչե» և 1960-ականներին հայտնի «Մարդը U.N.C.L.E-ից» ֆիլմերը կդառնան իր վերջին աշխատանքները։ «Լիբերաչեում» գլխավոր հերոսին մարմնավորելու է հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Դուգլասը, երկրորդ ֆիլմում՝ Ջորջ Քլունին։
Բացի վերոնշյալ ֆիլմերից՝ 2011թ. էկրան կբարձրանան ևս երկու ֆիլմեր, որոնց նկարահանումներն արդեն ավարտվել են։ «Նոկաուտ» ֆիլմում գլխավոր հերոսներին կմարմնավորեն Անտոնիո Բանդերասն ու Էվան Մակգրեգորը, իսկ «Վարակ» թրիլերում՝ բրիտանացիներ Քեյթ Ուինսլեթին և Ջուդ Լոուին։
«Ես մոտեցել եմ մի նշաձողի, երբ մնում է նկարել միայն ինձ։ Եկել է ժամանակը ճանապարհն ազատել նրանց համար, ովքեր հիացմունք են ապրում նկարահանման մեկնելիս»,- ասել է «Ոսկե արմավենու» մրցանակակիր 48-ամյա ռեժիսորը՝ հավելելով, որ իր վերջին ֆիլմերն իրեն հնարավորություն կտան «գեղեցիկ հեռանալ» կինոյից։
Սոդերբերգը չի բացառել իր ուժերը լուսանկարչության կամ գեղանկարչության մեջ փորձելու փաստը։ «Երբ ինչ-որ պահի գիտակցում ես, որ եթե նստես ևս մեկ ֆուրգոն՝ ֆիլմի նկարահանման համար հերթական վայր փնտրելու նպատակով, ապա գնդակահարվելու ցանկություն կառաջանա։ Դա նշանակում է, որ եկել է ֆուրգոնը մեկ ուրիշի հանձնելու ժամանակը»,- Սոդերբերգի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Սթիվեն Սոդերբերգը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց երիտասարդ տարիքում։ Այդ ժամանակից ի վեր՝ նրա կարիերան անշեղորեն աճում է։ Նա նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ՝ «Կաֆկա», «Այնտեղ՝ ներսում», «Տեսադաշտից դուրս», «Անգլիացին», «Սոլյարիս» և այլն։
Սոդերբերգը երեք անգամ առաջադրվել է Կաննի կինոփառատոնում։ 1989թ. «Սեքս, սուտ և վիդեո» ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ 26 տարեկան հասակում դառնալով ամենաերիտասարդ ռեժիսորը, ով երբևէ ստացել է «Ոսկե արմավենի»։
2001-ին Սոդերբերգը «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում իր երկու՝ «Թրաֆիկ» և «Էրին Բրոկովիչ» ֆիլմերի համար առաջադրվել է «Օսկարի»։
Սոդերբերգի ամենաշահութաբեր նախագիծը համարվում է «Օուշենի 11 ընկերները» ֆիլմը և դրա երկու սիքվելները, որոնք համաշխարհային վարձույթում իրենց ստեղծողներին բերեցին ընդհանուր առմամբ մեկ միլիարդ դոլարից ավելի եկամուտ։










