Հարություն Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրվում են Մեքսիկայում
Մեքսիկայի մայրաքաղաքում մարտի 11-27-ը Մեքսիկայի ազգային կինոարխիվը և «Պլանետա» կինոթատրոնը «Սինեմապլանետա» 3-րդ փառատոնի շրջանակում կցուցադրեն Հարություն Խաչատրյանի «Կոնդ», «Վավերագրողը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերարարձը» և «Սահման» ֆիլմերը։
Մեքսիկայի ազգային կինոարխիվը, որը ոչ միայն Մեքսիկայի ամենամեծ ֆիլմադարանն է, այլև քաղաքի ամենամեծ կինոկենտրոններից մեկը, ամեն ամիս ցուցադրում է Մեքսիկայի և համաշխարհային կինոյի լավագույն նմուշները։
Հարություն Խաչատրյանը երկրորդ հայ ռեժիսորն է, ում ֆիլմերը ցուցադրվելու են Ազգային կինոարխիվում: Իսկ 2011թ. փետրվարի 25-26-ը Մեխիկոյում կայացել են Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը», «Մենք», «Վերջ», «Կյանք», «Տարվա եղանակներ» և «Մեր դարը» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
2009-ից ի վեր Հ. Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրումները կայացել են աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր կինոփառատոներում և կինոկենտրոններում։
2009-ին ռեժիսորի աշխատանքները որպես ռետրոսպեկտիվներ ներկայացվել են Ստրասբուրգում, Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, Մոնտեվիդեոյում և Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում, այնուհետև`Իտալիայի և Սլովենիայի 5 քաղաքներում:
2010թ. կինոռեժիսորի ֆիլմերը ցուցադրվել են Իսպանիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի կինոփառատոններում:
Հարություն Խաչատրյանի ֆիլմերը ներկայացվել են Վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում (Մադրիդ), 9-րդ Cinema South միջազգային փառատոնի համաշխարհային կինոծրագրում (Իսրայել), Հեղինակային ֆիլմերի 37-րդ միջազգային փառատոնում (ԱՄՆ)։










