16-րդ դարի պատարագը հետևում է թողել Էմինեմին ու Բոն Ջովիին
16-րդ դարի իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Ստրիջիոյի պատարագը Մեծ Բրիտանիայում դարձել է սուպերհիթ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Պատարագի ձայնագրությունը, բիտանական փոփ երաժշտության չարտերում զբաղեցնելով 68-րդ հորիզոնականը, առաջ է անցել Էմինեմի, Բոն Ջովիի, Ջորջ Հարիսոնի ալբոմներից։ Դասական երաժշտության չարտերում պատարագը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Ecco si beato giorno անվանումով պատարագը Ստրիջիոն գրել է 1566թ.։ Հեղինակի կենդանության օրոք այն կատարվել է մի քանի անգամ։ Հետագայում, սակայն, պատարագի պարտիտուրան անհետացել էր, և միայն վերջերս երաժշտագետ Դեյվիդ Մորոունին է այն հայտնաբերել Ֆրանսիայի ազգային գրադարանում։ Երկար ժամանակ պատարագը չէին կարողանում գտնել գրադարանի կատալոգային համակարգի սխալի պատճառով։
Ստրիջիոյի այս ստեղծագործությունը յուրահատուկ է, քանի որ գրված է 40 ձայնի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պարտիան։ Իսկ պատարագի վերջին՝ Agnus Dei հատվածը գրված է 60 կատարողի համար։ Մորոունիի խոսքով՝ պատարագը Վերածննդի դարաշրջանի ամենաբարդ պոլիֆոնիկ ստեղծագործությունն է։
Պատարագն առաջին անգամ հնչել է 2007թ. Լոնդոնում։










