Գետտի թանգարանը Իտալիային է վերադարձրել Աֆրոդիտեի արձանը, որը գողացել էին 30 տարի առաջ

16:14 • 17.03.11

Լոս Անջելեսի Գետտի թանգարանը Իտալիային է վերադարձրել մ.թ.ա. 5-րդ դարի Աֆրոդիտեի արձանը, հաղորդում է ANSA-ն։ Իտալիայում արձանը կցուցադրվի Սիցիլիայի Այդոնե քաղաքի հնագիտական թանգարանում։

Արձանը, որ կոչվում է նաև «Վեներա Մորգանտինա» հնագիտական պեղումների վայրից գողացել են մոտ 30 տարի առաջ։ Ձեռքից ձեռք անցնելով՝ այն վերջապես 18 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան թանգարանին։

2007թ.-ին այդ ժամանակվա Իտալիայի մշակույթի նախարար Ֆրանչեսկո Ռուտելլին կարողացավ համաձայնության գալ Գետտի թանգարանի հետ այդ արձանը և մի քանի այլ արվեստի գործեր վերադարձնելու հարցում։ Ենթադրվում է, որ Աֆրոդիտեն կներկայացվի Իտալիայի հանրությանը արդեն 2011թ. մայիսին։

Այդոնե թանգարանում առայժմ տեղ չի հատկացվել արձանի համար, հետևաբար որոշ ժամանակ Աֆրոդիտեի արձանը կցուցադրվի Պալերմոյի Պալացցո Նորմանի քաղաքում։