Հայաստանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի օրերը
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանում շուրջ մեկ ամսում կազմակերպվելու են ավելի քան 150 կրթական, մշակութային, գեղարվեստական միջոցառումներ։
Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բացի մայրաքաղաքից Ֆրանկոֆոնիայի փառատոնին կմասնակցեն նաև քաղաքներն ու շրջանները։
Ֆրանկոֆոնիայի օրերի կայացմանն աջակցել են Հայաստանի արտգործնախարարությունը, մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, դիվանագիտական մի շարք հաստատություններ՝ Հայաստանում Ռումինիայի, Լեհաստանի, Կանադայի դեսպանությունները, մի շարք հասարակական կազմակերպություններ։
Այս համատեքստում վաղը Հայաստանի Հանրապետության բարձրագույն հաստատություններում ֆրանսերենի դասավանդման մասին համաձայնագիր կկնքվի Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջև։
Ֆրանկոֆոնիայի փառատոնին իր մասնակցությունն է բերում աշխարհի 56 երկիր և 14 դիտորդ-երկիր։
Աշխարհահռչակ Լարա Ֆաբիանի համերգը Երևանում կկայանա Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։










