Նկարիչ Հենրի Գարուկյան. Հարկավոր է տատիկի սնդուկներից հանել մշակութային գոհարները

13:25 • 18.03.11

«Այսօր արվեստի մասին բոլոր զրույցները կարծես մեկ մարդու սիրո խոստովանություն լինեն, իսկ սեր դառնալու համար երկու հոգի է պետք»- Tert.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Հենրի Գարուկյանը՝ ցավով նշելով, որ «լուրջ արվեստը մենակ է մնացել»։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նկարիչն առաջարկեց «տատիկի սնդուկներից հանել» բիզնեսի առումով արդեն գովազդված մշակութային լուրջ արժեքները՝ 1960-ականների նկարչությունը, նույն թվականների պոեզիան ու դրանք ի ցույց դնել աշխարհին։

Հ. Գարուկյանն անհեթեթ համարեց ներկայում դասական արվեստի նկատմամբ հետաքրքրության նվազման մասին պնդումները՝ այն համեմատելով երեխայի հանդեպ սիրո հետ։ «Ինչպե՞ս կարող է, օրինակ, երեխայի հանդեպ սերը նվազել: Ոնց որ ասեն` ամբողջ աշխարհում նվազում է երեխային սիրելը: Օրինակ` ֆուտբոլը հիմա դարձել է ամենադրամատիկ երևույթը: Շատ լավ խաղ է, բայց պետք է հիշել, որ ֆուտբոլից առաջ կա նաև լուրջ արվեստ: Մտածված կերպով փակվում են դռներն այն մարդկանց առաջ, որոնք ուզում են տարանջատել շոուն ու արվեստը»,- համոզված ասաց նկարիչը։

Դրա մեղավորը, ըստ նկարչի, մշակութային քաղաքականության բացակայությունն է։ Դրա վառ օրինակը, ըստ նար, «Աիդայի» ցուցադրությունն էր Երևանում, որը «հիմա ոչ ոքի պետք չէր»։

«Դա գազը թողած լիմոնադ է: «Աիդան» այնպիսի ցուցադրություններ է ունեցել 1960-ականներին, որ Լա Սկալայում մի սեզոնի համար մի քանի միլիոն դոլար են ծախսել: Զարմանա՞նք, որ նոր ենք տեսել այդ օպերայի բեմադրությունը: Մշակույթի նախարարությունը մեր մշակույթն աշխարհին ներկայացնելու առումով որևէ բան չի անում»,- ափսոսանքով նշեց նկարիչը՝ դրանում մեղադրելով նաև հեռուստաընկերություններին, որոնց եթերում, ըստ նրա, չկա «որևէ լուրջ մշակութային հաղորդում»։