«Խաղաղ Դոնը» կհրատարակվի ամբողջությամբ՝ առանց խորհրդային ցենզուրայի
Խարկովի գրքի ֆաբրիկան ձեռնարկել է «Խաղաղ Դոնը» գրքի ամբողջական հրատարակության տպագրությունը։ Ստեղծագործությունը, որի հեղինակ է համարվում Միխայիլ Շոլոխովը, առաջին անգամ լույս կընծայվի առանց խմբագրական միջամտությունների ու անհարկի կրճատումների։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է «Վեչերնի Խարկով» թերթը։
Չորս հատորները մեկ գրքում զետեղված ու ակադեմիական տիրաժով թողարկված «Խաղաղ Դոնը» լույս կտեսնի ապրիլի 9-ից ոչ ուշ։
Երկար տարիներ անհետացած համարվող վեպի ձեռագիրը հայտնաբերվել է 1990-ականներին, վեպի տպագրմամբ զբաղվել է ռուսական հրատարակչությունը։ Վեպը որոշվել է տպագրել Խարկովում, քանի որ 1932-ին հենց այնտեղ է «Խաղաղ Դոնն» առաջին անգամ հրատարակվել։
Ռուս գրող Ալեքսանդր Ստրուչկովը ու Միխայիլ Շոլոխովի ավագ դուստրը տասը տարի աշխատել են ձեռագրի վերականգնման ուղղությամբ։ Արդյունքում՝ նոր վեպը զգալի տարբերվելու է խորհրդային ժամանակներում տպագրված վեպի հրատարակությունից։
«Տարբերությունը մի քանի հազար բառ է կազմում։ Նախ՝ ցենզուրան բազմաթիվ միջամտություններ է արել տեքստում, երկրորդ՝ խորհրդային հրատարակությունից հանվել է Վեշենյան ապստամբությունը նկարագրող մի ամբողջական գլուխ՝ 24-րդ գլուխը»,- թերթին հաղորդել է Ռուսաստանի գրողների միության Խարկովի մասնաճյուղի բաժնի փոխնախագահ Լեոնիդ Մաչուլինը։










