Մաաստրիխտում բացվել է Հնաոճ իրերի միջազգային ցուցահանդեսը
Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում բացվել է Հնաոճ իրերի միջազգային ցուցահանդեսը (The European Fine Art Fair-TEFAF), որը խոշորագույնն է աշխարհում և առաջատարը՝ գեղանկարչական աշխատանքների ցուցադրության ոլորտում։
Երեսունհինգամյա պատմություն ունոցող TEFAF-ը բաղկացած է 200-ից ավելի սրահներից, որտեղ ըստ բաժինների ցուցադրվում են 19-րդ դարի վարպետների գործեր, մոդեռնիզմ ու ժամանակակից արվեստի աշխատանքներ, քանդակներ, գրքեր, ոսկերչական զարդեր, կահույք։
Նյույորքյան Otto Naumann թանգարանը ներկայացրել է Ռեմբրանդտի, Գեորգ Պենցի՝ Ալբրեխտ Դյուրերի աշակերտի, Վան Դեյկի կտավներից։
Կտավների արժեքը տատանվում է մի քանի տասնյակ հազար եվրոյից մինչև մի քանի միլիոն եվրոյի սահմաններում։ Օրինակ՝ 18-րդ դարի հոլանդացի ու ֆլամանդացի ոչ այնքան հայտնի նկարիչների աշխատանքների գինը տատանվում է 50-100 հազար դոլարի սահմաններում, իսկ 1658թ. Ռեմբրանդտի վրձնած կտավի գինը 47 միլիոն դոլար է։
Օգյուստ Ռենուարի «Գլխարկով աղջիկը» կտավը հնարավոր է ձեռք բերել 9 միլիոն դոլարով», «Լվացարարուհիները»՝ 9,5 միլիոն դոլարով, Ամադեո Մոդիլիանիի «Հարսնացուն և փեսացուն»՝ 15 միլիոն դոլարով։
Սրահում ցուցադրվում են Պաբլո Պիկասոյի, Մարկ Շագալի, Ժան Դյուբյուֆեի, Կլոդ Մոնեի, Սալվադոր Դալիի, Պիսարոյի կտավները։










