Մարտի 27-ին կընտրվեն «Գործիքային կատարում» անվանակարգում նախագահի երիտասարդական մրցանակի հաղթողները
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում ՀՀ նախագահի 2010թ. երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին՝ ընտրական փուլը։
Երիտասարդ կատարողները հանդես եկան դաշնամուրի, հոբոյի ու ֆլեյտայի 20-ական րոպե տևողությամբ կատարումներով։
Հանձնաժողովի կազմում են ջութակահար Էդուարդ Թադևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, ջութակահար Անահիտ Ներսիսյանը և այլք։
«Ունենք 10 մասնակից՝ 7 դաշնակահար, 1 ֆլեյտահար, 1 հոբոյ և լարային կվարտետ, սակայն ինձ նոր տեղեկացրին, որ հոբոյիստը չի մասնակցի, այսինքն կունենանք 9 մասնակից,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, նախագահի մրցանակների համակարգող Աիդա Խաչիկյանը։
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 27-ին՝ ժ. 16։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Ա. Խաչիկյանի խոսքով՝ այդ օրը հանձնաժողովը կընտրի լավագույնին կամ լավագույններին, և նրանց անունները կներկայացվեն նախագահին։
Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակների դափնեկիրների անունները հայտնի կդառնան մայիսի 30-ին։ Հաղթողներին նախագահի նստավայրում կշնորհվեն վկայագիր, շքանշան ու 2500 ամերիկյան դոլարին համարժեք մրցանակ։
Վաղը՝ մարտի 23-ին, Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկում կբացվի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի «Կերպարվեստ և կինո» անվանակարգի մրցույթի եզրափակիչ փուլն անցած 27 աշխատանքի ցուցահանդես։










