Գողական խոսելով՝ ֆիլմի պատրանք են ստեղծում. Մուրադ Ջանիբեկյան

12:53 • 22.03.11

Այսօր բոլորն սկսել են ռեժիսուրայով զբաղվել, սակայն ռեժիսոր դառնալու համար բավարար չէ միայն ցանկությունը, պետք է նաև կարողանալ։ Tert-am-ի հետ զրույցում ասաց դերասան Մուրադ Ջանիբեկյանը։

Դերասանը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ նկարահանել է «Համլետ» կինոնկարը, որի գլխավոր դերում անձամբ է հանդես եկել։ Ֆիլմը Նյու Յորքի փառատոնում արժանացել է «Լավագույն արտիստ», Լոս Անջելեսում` «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին:

«Յուրաքանչյուր արտիստի կամ ռեժիսորի մեծ երազանքն է ձեռք մեկնել Շեքսպիրի գործերին, որովհետև Շեքսպիրը բոլոր ժամանակների չափանիշն է, իսկ Համլետն այն կերպարն է, որը համայն մարդկությունն է կրում իր մեջ»,- ասաց դերասանը՝ հավելելով, թե իրեն չի համարում մեծագույն ռեժիսոր։

«Ես արտիստ եմ, լավագույն արտիստ, բայց նկարահանում եմ, որովհետև այսօր մեր կինոն կարծես մոնոպոլիայի մեջ է»,- ասաց նա՝ հավելելով, թե
դրա պատճառն այն է, որ այժմյան ռեժիսորները իրեց շրջանակից դուրս դերասանին չեն հրավիրում նկարահանվել իրենց մոտ:

Ջանիբեկյանը ստացել է հայկական սերիալներում գլխավոր հերոսի դերում նկարահանվելու հրավեր սակայն մերժել է։ «Մերժել եմ` ունենալով իմ նախապայմանները: Նախ` մեր սերիալներն այն վիճակում չեն, որ գնաս-նկարահանվես։ Մեզ մոտ քիչ փողով, սեղանի շուրջը պպզած գողական խոսելով ֆիլմի պատրանք են ստեղծում: Այն, ինչ անում են, հանգիստ կարելի է ռադիոբեմադրություն անվանել, որովհետև ոչ մի գործողություն տեղի չի ունենում», -նշեց դերասանը։