Վախճանվել է լեգենդար ջազ դաշնակահար Փայնթոփ Փերկինսը
ԱՄՆ-ում 97 տարեկանում մահացել է լեգենդար ջազ դաշնակահար, 2010 թ. լավագույն բլուզ ալբոմի հեղինակ Փայնթոփ Փերկինսը։
2011թ. փետրվարին նա դարձավ Գրեմմի մրցանակաբաշխության ամենատարեց մրցանակակիրը «լավագույն ավանդական բլուզ ալբոմ» անվանակարգում Joined At the Hip ձայնասկավառակի համար։
Տարբեր ալբոմների համար երաժիշտը Գրեմիի է արժանացել նաև 2005թ. և 2007թ.։
«Նա մարմնավորում էր բլուզը, նա դրա օրինակն էր։ Նա ապրում և շնչում էր դրանով»,-մեջբերում է Associated Press գործակալությունը երաժշտի գործակալ Հյու Սաութարդի խոսքերը։
Մինչև 90-ականների սկիզբը, Փերկինսը նվագել է գիշերային ակումբներում և փառատոններում՝ չմտածելով սոլո ձայնասկավառակների ձայնագրության մասին։
Անգամ վերջերս Փերկինսը շարունակում էր համերգներ տալ Օսթինի ակումբներում։ Մասնավորպես, 2011թ. նա նախատեսում էր մոտ 20 ելույթ։
Հետաքրքիր է, որ երաժիշտը ֆասթֆուդի մեծ սիրահար էր և մինչև կյանքի վերջին տարիները ծխում էր։
«Երկու չիզբուրգեր, մի կտոր խմորեղեն, համակրելի աղջիկ. սա այն ամենն է, ինչ նա ուզում էր, երբ բլուզ չէր նվագում»,- ավելացրել է Սաութարդը։










