Դևիդ Ֆինչերը հնարավոր է՝ նկարահանի «Կլեոպատրան»
Sony Pictures կինոընկերությունը քննարկում է Դևիդ Ֆինչերի թեկնածությունը պատմական «Կլեոպատրա» ֆիլմի ռեժիսորի նշանակելու հարցում։ Այս մասին հայտնում է Deadline ինտերնետային կայքը։
Ֆինչերի հետ համագործակցելու գաղափարին արդեն հավանություն է տվել նախագծի պրոդյուսեր Սքոթ Ռուդինը, ով նախկինում աշխատել է ռեժիսորի հետ։ Մասնավորապես, Ռուդինը զբաղվել է Ֆինչերի՝ Facebook սոցիալական ցանցի ստեղծման մասին պատմող «Սոցիալական ցանց» ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով։ Բացի այդ՝ նա մասնակցում է գրող Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին, որի ռեժիսորը Ֆինչերն է։
Նոր ժապավենը հնարավորություն կընձեռի այլ տեսանկյունից գնահատել Եգիպտոսի թագուհու անհատականությունը։ Ֆիլմում Կլեոպատրան կներկայացվի որպես ճկուն քաղաքական գործիչ ու ռազմիկ։ Ենթադրաբար, թագուհու դերը կմարմնավորի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին։
Նախկինում «Կլեոպատրա» ֆիլմի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել ռեժիսորներ Ջեյմս Քեմերոնը և Փոլ Գրինգրասը, թեև երկուսն էլ, ի վերջո, հրաժարվեցին մասնակցել ֆիլմի ստեղծման աշխատանքներին։
Քեմերոնը մոտ ապագայում զբաղվելու է «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանումներով, իսկ Գրինգրասը նկարահանելու է «Մեմֆիս» ֆիլմը, որը պատմում է Մարտին Լյութեր Քինգի կյանքի վերջին օրերի մասին։










