Դոմինգոյի համերգը ձախողվել է աշխատավարձերի պատճառով

15:04 • 23.03.11

Մեր ժամանակների ամենահայտնի ու սիրված օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի ելույթները Բուենոս Այրեսի հայտնի «Կոլոն» համերգասրահում ձախողվել են։ Պատճառը նվագախմբի երաժիշտների գործադուլն է, որոնք քաղաքային իշխանություններից պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է անձամբ տենորը, հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն։

«Վերջին անգամ ես այդ զարմանալի բեմում ելույթ եմ ունեցել 1998թ.։ Իհարկե, երազում էի այդտեղ մեկ անգամ ևս ելույթ ունենալ։ Քանի որ ես ոչ միայն կատարող եմ, այլև 15 տարի է, ինչ թատրոն եմ ղեկավարում, շատ լավ հասկանում եմ «Կոլոնի» խնդիրները»,- մամլո ասուլիսին ասել է տենորը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը մոտ ապագայում կկարգավորվի։

Դոմինգոն կարողացել է հանդիպել երաժիշտներին ու համաձայնություն ձեռք բերել, ըստ որի՝ նրանք կնվագակցեն իրեն Բուենոս Այրեսում կայանալիք մեկ այլ համերգի ժամանակ։

Չորեքշաբթի երեկոյան տեղի կունենա Դոմինգոյի անվճար բարեգործական ելույթը Արգենտինայի բաց երկնքի տակ։ Ենթադրվում է, որ տենորին կունկնդի ավելի քան հարյուր հազար հանդիսական։

20 տարի առաջ Բուենոս Այրեսում նմանատիպ մեկ այլ համերգ է տվել Լուչիանո Պավարոտտին։ Այդ ժամանակ նրա համերգին ներկա է եղել շուրջ 200 հազար մարդ։

«Կոլոն» թատրոնը քառամյա վերանորոգման աշխատանքներից հետո վերաբացվել 2010թ. մայիսին։ Մայրաքաղաքային իշխանություններն այդ նպատակի համար հատկացրել էին 100 միլիոն դոլար։ Կես տարի անց թատրոնի աշխատակիցներն ու երաժիշտները պահանջեցին բարձրացնել իրենց աշխատավարձերը, սակայն քաղաքապետարանը մերժեց բավարարել նրանց պահանջը։

Առկա կոնֆլիկտի պատճառով ժամանակ առ ժամանակ չեղյալ են հայտարարվում աշխարհի լավագույն բեմահարթակներից մեկում կայանալիք համերգները։