Հաշվետու համերգ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ
Կամերային երաժշտության տանը այսօր կայացած ասուլիսը նվիրված էր նորանշանակ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի՝ մարտի 28-ին կայանալիք հաշվետու համերգին, որը նվիրված է հայ նշանավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին։ Համերգում կհնչեն կոմպոզիտորի «Սիմֆոնիա լարայինների ու թիմփանիի համար», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դիվերտիմենտո ռե մաժոր», Ֆելիքս Մենդելսոնի «Ջութակի կոնցերտ ռե մինոր» ստեղծագործությունը։
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ չափազանց գոհ է եղել նվագախմբի այսօրվա փորձից։ Նա բոլորին սիրով հրավիրեց մարտի 28-ին կայանալիք համերգին՝ համոզմունք հայտնելով, որ ունկնդիրն անձամբ «ականատես կլինի, թե ինչ հրաշալի համերգ է սպասվում»։
Վահան Մարտիրոսյանը ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Ամալգամ» նվագախումբը` բաղկացած Ստրասբուրգի ֆիլհարմոնիկի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից, Կաննի նվագախումբը, Թուլոնի օպերայի նվագախումբը, Նովոսիբիրսկի կամերային նվագախումբը։ 2010-ի սեպտեմբերից Caen-ի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է։
Համերգի մենակատարն է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանը: Ջութակահարուհին 2010 թվականի հունիսին International Kaerntner Sparkasse Woerthersee (Ավստրիա) միջազգային հեղինակավոր մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
Հայաստանի պետական կամերային նվագախումբն ստեղծվել է 1962թ., պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացել 1966թ.: 2012թ. նվագախումբը կնշի իր գործունեության 50-ամյակը:
Համերգն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ։










