Թատրոնի միջազգային օրը նշում են նաև Հայաստանում

17:47 • 25.03.11

«Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ տոնվել է 50-ական թվականներին, եթե չեմ սխալում՝ 56 տարի առաջ Ֆրանսիայում»,- Թատրոնի միջազգային օրվա կապացությամբ հրավիրված ասուլիսին այսօր ասաց Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այդ օրը դերասանները գեղեցիկ են թվում, ռեժիսորներն ու նկարիչները՝ շնորհալի, հանդիսատեսը՝ «առավել տոնական», իսկ թատրոնները բեմադրում են իրենց խաղացանկի լավագույն ներկայացումները։

«Հայաստանում այդ օրը յուրահատուկ կերպով է նշվում, քանի որ մարտի 27-ին տեղի է ունենում «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որի մրցանակներին տիրանալու համար պայքարում են բոլոր թատերական գործիչները»,- տեղեկացրեց ռեժիսորը։

Ամփոփելով ռուսական դրամատիկական թատրոնի 2010թ. ձեռքբերումները՝ Ալ. Գրիգորյանն ուրախությամբ նշեց, որ անցնող տարին ստեղծագործական առումով հաջող էր թատրոնի համար։ Դրա ապացույցը «Համադասարանցիներ» ներկայացման վերաբերյալ դրական արձագանքներն էին և Սանկտ Պետերբուրգի «Հանդիպումներ Ռուսաստանում» ամենամյա փառատոնին մասնակցության հրավեր ստանալը։

Ներկայում աշխատանքներ են տարվում ռուս արձակագիր Սերգեյ Դովլաթովի «Ինչ-որ ժամանակ մենք ապրում էինք լեռներում» ներկայացումը բեմադրելու ուղղությամբ։ Ռեժիսորը տեղեկացրեց, որ ապրիլին նախատեսվում է հանդիսատեսի դատին հանձնել Ֆելդֆեբել «Բաթերֆլայ»» ներկայացումը։

Իսկ այսօր ռուսական թատրոնի բեմում պրեմիերա է՝ «Մոլագարը», որի հեղինակը հայ կինոյի մեծ վարպետներից մեկի՝ ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի դուստրն է Հաննա Սլուցկայան։

««Մոլագարը» տրագիկոմեդիան բարձրացում է ստեղծագործական խնդիրների, բարձունքի վրա գտնվող ես-ի հարցեր, փորձում է պատասխանել այն հարցերին, թե ինչ է, ի վերջո, իրենից ներկայացնում մարդը»,- նշեց Ալ. Գրիգորյանը։