Չինական ծաղկամանը վաճառվել է գնահատվածից 22 500 անգամ թանկ

14:00 • 26.03.11

Չինական ծաղկամանը, որը Sotheby's աճուրդի տունը գնահատել էր 800-1200 ԱՄՆ դոլար, աճուրդում վաճառվել է 18 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է ArtInfo կայքը:

Սենսացիոն գնի պատճառը ծաղկամանի թվագրման շուրջ ծագած տարաձայնություններն էին: Sotheby's-ի նկարագրության մեջ նշվում է, որ այն, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է կա´մ հանրապետության շրջանում, կա´մ 20-րդ դարում:

Մասնագետները, սակայն, համոզված են, որ այն պատրաստված է 18-րդ դարում` կայսր Ցյանլունեի գահակալման տարիներին:
Աճուրդում ծաղկամանը ձեռք բերելու համար կատաղի պայքար են մղել 8 թեկնածուներ: Sotheby's-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել վեճի առարկա դարձած իրի սխալ թվագրման հնարավորությունը։

Ինչպես գրում է ArtInfo-ն, աճուրդի տան ներկայացուցիչները, հնարավոր է, կասկածներ ունեցել են ծաղկամանի իրական տարիքի հարցում, քանի որ այն նկարագրելիս նշել են Ցյանլունի գահակալման շրջանին բնորոշ տարրերի առկայության մասին:
Ամենայն հավանականությամբ, ծաղկամանի թվագրման շուրջ վեճերը սկիզբ են առել դրա նախորդ տիրոջ` հավաքորդ Թայ Ցզյունցեի կենդանության օրոք:

Հիշեցնենք, որ նրա հավաքածուից մեկ այլ ծաղկաման, որը գնահատվել էր 6-8 հազար ամերիկյան դոլար, աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն դոլարով: