«Թուլամորթի օրագիրը-2». մանկական ֆիլմը գլխավորել է ամերիկյան վարձույթը
«Թուլամորթի օրագիրը-2» (Diary of a Wimpy Kid: Rodrick Rules) մանկական կատակերգությունն այս հանգստյան օրերին դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարը՝ հավաքելով 24,4 միլիոն դոլար։ Այդ մասին նշվում է boxofficemojo.com պորտալում։
Ֆիլմը մեկ տարի առաջ ԱՄՆ-ում լույս տեսած «Թուլամորթի օրագրի» շարունակություննն է, որի սյուժեի կենտրոնում յոթերորդ դասարանցի Գրեգի ու նրա ավագ եղբայր Ռոդրիկի հարաբերություններն են։
«Թուլամորթի օրագիրը-2»-ում նկարահանվել են Ռոբերտ Քեպրոնը, Ռեյչել Հարրիսը և այլք։ Երկու ֆիլմերն էլ նկարահանվել են մանկագիր Ջեֆ Քիննիի նույնանուն գրքի հիման վրա։
19 միլիոն դոլարով վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է ռեժիսոր Զակ Սնայդերի «Արգելված հնարք» (Sucker Punch) մարտաֆիլմը։
Անցած շաբաթվա առաջատարը՝ «Խավարի տիրույթում» (Limitless) թրիլերը, զիջելով դիրքը, 15 միլիոն դոլարով հայտնվել է 3-րդ հորիզոնականում։










