Մոնեի «Բարդիները» գնահատվել են 20-30 միլիոն դոլար
Կլոդ Մոնեի «Բարդիները» կտավը մայիսին Christie's-ի՝ Նյու Յորքում կայանալիք աճուրդում կդառնա իմպրեսիոնիստական ու մոդեռնիստական ստեղծագործությունների գլխավոր լոտը։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
1891թ. ստեղծված աշխատանքը նախնական գնահատմամբ արժե 20-30 միլիոն դոլար։ Կտավը վաճառում է 2000թ. այն ընդամենը 7 միլիոն դոլարով գնած ասիացի մի հավաքորդ, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։
Ժիվերնիում եղած ժամանակ Մոնեն բարդիներով 24 պեյզաժ է նկարել։ Աճուրդում վաճառվելիք կտավն իր չափերով ամենամեծն է։ «Բարդիների» մինչաճուրդային ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 2-3-ը Մոսկվայում, այնուհետև այն կուղևորվի Լոնդոն։
Մոնեի աշխատանքների վաճառքը ռեկորդ էր սահմանել 2008թ. Լոնդոնում։ Այն ժամանակ նկարչի «Արհեստական լճակ կուժերով» կտավը վաճառվեց 80 միլիոն դոլարով՝ գնահատվածից կրկնակի թանկ։










