Պորտուգալացի ճարտարապետը ստացել է Պրիտցկերյան մրցանակ

13:47 • 29.03.11

Պորտուգալացի ճարտարապետ Էդուարդո Սոուտո դե Մոուրային շնորհվել է 2011թ. Պրիտցկերյան մրցանակ (Pritzker Architecture Prize)։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

Ճարտարապետության բնագավառում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը ճարտարապետին շնորհվել է իր աշխատանքներում այնպիսի հակասություններ համադրելու համար, ինչպիսիք են «հզորությունն ու զսպվածությունը, խրոխտությունն ու նրբությունը»։

Ժյուրիի անդամները բարձր են գնահատել պորտուգալական Բրագա քաղաքում Մոուրայի կառուցած մարզադաշտը, որը «ներկառուցված է» ժայռի մեջ, ինչպես նաև Պաուլո Ռեգո թանգարանի շենքը, որի բաղկացուցիչ տարրեր են բուրգերը։
Էդուարդո Սոուտո դե Մոուրան ծնվել է 1952թ. Պորտուում։ Նա ճարտարապետություն է ուսումնասիրել քաղաքի Գեղեցիկ արվեստների դպրոցում, 1980-ին ստացել դիպլոմը։ 1974-1979թթ. Մոուրան աշխատել է պորտուգալացի հայտնի ճարտարապետ Ալվարո Սիզայի գրասենյակում։

Ճարտարապետն ապրում ու ստեղծագործում է Պորտուում։ Նա երկրորդ պորտուգալացին է, որին շնորհվում է Պրիտցկերյան մրցանակ։

Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը կանցկացվի Վաշինգտոնում հունիսին։ Նա կստանա 100 հազար դոլար դրամաշնորհ ու բրոնզե մեդալիոն։

Պրիտցկերյան մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1979թ.։ Այն ամեն տարի շնորհվում է ճարտարապետության ոլորտում ակնառու ձեռքբերումների համար։