Միխայիլ Բարիշնիկովը որոշել է վաճառել իր ամենասիրելի նկարը
Ապրիլի 12-ին նյույորքյան Sotheby's աճուրդի տանը կցուցադրվի աշխարհահռչակ պարող Միխայիլ Բարիշնիկովի հավաքածուից մի կտավ։ Այս մասին հայտնում է ArtDaily կայքը։ Խոսքը Պյոտր Վերեշչագինի «Սանկտպետերբուրգյան տեսարան» կտավի մասին է։
The New York Times-ի հետ հեռախոսազրույցում Բարիշնիկովը պատմել է, որ կտավը ձեռք է բերել 1978թ. ֆիննական մի թանգարանից ու միանգամից սիրահարվել նկարին։ «Ռուսաստանում ես ապրում էի Էրմիտաժի հարևանությամբ, ու այդ կտավն ինձ համար կարծես սրբապատկեր լիներ։ Եկել է ժամանակը, որ ինչ-որ մեկը նկարին տիրանա»,- ասել է նա։
2005թ. Բարիշնիկովը Վերեշչագինի կտավը նվիրաբերել էր իր հիմնադրած արվեստի կենտրոնին՝ The Baryshnikov Arts Center-ին, որն էլ աճուրդում պաշտոնապես կներկայանա որպես նկարը վաճառող կողմ։
Sotheby's-ը «Սանկտպետերբուրգյան տեսարան» կտավը գնահատել է 300-500 հազար դոլար։ Վաճառքից գոյացած ամբողջ գումարը կտրամադրվի արվեստի կենտրոնի վերանորոգման աշխատանքների իրականացմանը։
«Մենք օգտագործում ենք հին արվեստը նորն ստեղծելու նպատակով»,- ասել է Բարիշնիկովը։










