«Շինդլերի ցուցակի» 78-ամյա պրոդյուսերը «չինացի հրեաների» մասին ֆիլմ կնկարահանի

17:58 • 29.03.11

Աշխարհահռչակ խորվաթ պրոդյուսեր Բրանկո Լյուստիգը, ով երկու անգամ «Օսկար» մրցանակ է ստացել «Շինդլերի ցուցակը» և «Գլադիատոր» ֆիլմերի համար, հայտարարել է իր նոր ֆիլմի՝ «Մելանիի ջութակի» նկարահանման աշխատանքներն սկսելու մասին։ Ֆիլմը կնկարահանվի չինական արմատներ ունեցող ամերիկացի գրող Հի Նինի գրքի մոտիվներով։

Ինչպես հաղորդում է NEWSru Israel կայքը, ֆիլմը, որի բյուջեն 30-45 միլիոն դոլար է, նկարագրելու է Չինաստանում ապրող հրեա փախստականների կյանքը։

Մարտի 28-ին 78-ամյա Բրանկո Լյուստիգն այցելել է Շանհայում հրեա փախստականների թանգարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս քաղաքը, որն ընդունել է ավելի քան 30 հազար հրեա փախստականի, կոչվել է «Նոյի արևելյան տապան»։ Մինչ օրս էլ Շանհայում շարունակում են ապրել այդ փախստականների ժառանգները։

1930-ականների վերջին քաղաքն առանց վիզային ռեժիմի ու սահմանափակումների ընդունեց հրեաներին։ Թեև Ճապոնիան նացիստական Գերմանիայի դաշնակիցն էր, ճապոնական զորքերը ձեռք չտվեցին հրեական համայնքներին։

Բրանկո Լյուստիգը ծնվել է Խորվաթիայի արևելյան հատվածում, հրեական ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տղան 2 տարի անցկացնում է Օսվենցիմում և Բերգեն-Բելզենում։ Նրա բոլոր հարազատներն ու մտերիմները զոհվում են մահվան ճամբարներում։ Ճամբարից դուրս գալուց հետո 13-ամյա Բրանկոն կշռել է շուրջ 29 կգ։

Չինաստանում աստիճանաբար մեծանում է հետաքրքրությունը «չինացի հրաների» հանդեպ։ 2010թ. Հոնգ Կոնգում անցկացվեց հրեական կինոյի 11-րդ փառատոնը։