Դասական երաժշտության ապագան տեսնում եմ վառ գույներով. Սերգեյ Սմբատյան

14:57 • 29.03.11

«Այսօր ունենք հնգամյա կոլեկտիվ, որը շատ բարձունքներ է նվաճել Հայաստանում ու արտերկրում։ Երբ Կոնսերվատորիայի ուսանողներն աշխատում են ու արդյունքի հասնում, երբ հայ երաժիշտը հաջողության է հասնում դրսում, դա արդեն շատ բանի մասին է վկայում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Նա հպարտությամբ նշեց, որ 2005թ. ստեղծված նվագախումբը, որն իր առաջին համերգն ունեցել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, մի քանի տարում կարողացել է հասնել այն բանի, որ եթե նվագախումբը նախկինում անձնական կապերի ու ծանոթությունների շնորհիվ էր ստանում հայտնի փառատոների մասնակցելու հրավերներ, ապա ներկայում արդեն նվագախումբն է որոշում՝ ընդունե՞լ հրավերներ, թե՞ ոչ։

Նա կարևորեց դասական արվեստի միջոցով աշխարհին «բարձր մակարդակով» ներկայանալու փաստը։ «Օրինակ՝ թատրոնն ունի լեզվի խնդիր, գիրքն ու գրականությունը` թարգմանչի կարիք, աշխարհը հագեցած է կերպարվեստով, իսկ դասական երաժշտության մեջ մեր երկիրն արդեն չափանիշ է: Հայաստանն ունի կատարողական բարձր արվեստ, որով կարող ենք ներկայանալ աշխարհին»,- նշեց երիտասարդ դիրիժորը։

Դասական երաժշտության ունկնդիրների թվի մասին խոսելիս Սմբատյանը փաստեց, որ մարդկանց թիվը ռաբիս կամ փոփ երաժշտության ունկնդիրների թվի համեմատ, իհարկե, քիչ է։

«Միշտ էլ այդպես է եղել: Մարդիկ հակում ունեն մատչելիին: Եթե օպերայում իրար հետևից դնում են փոփ աստղերի համերգներ, ու տոմսերը մեկ-երկու օրից սպառվում են, իսկ դասական երաժշտության համերգինը` ոչ, ապա դա ինչ-որ տեղ վկայում է մարդկանց պահանջարկի մասին»,- ասաց նա՝ նշելով, որ եթե ներկայիս սոցիալական պայմաններում դասական երաժշտության սիրահարն ի վիճակի չէ գնել տոմս, ապա մեղադրել նրան, որ չի գալիս համերգների կամ չի սիրում դասականը, «աբսուրդ է»։

«Ես լավատես եմ ու դասական երաժշտության ապագան տեսնում եմ վառ գույներով։ Հպարտ եմ, որ մեր նվագախմբի համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում»,- հավելեց Սմբատյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում մարդիկ ազդագրերի վրա կարդալով «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» անվանումը, գնան համերգի՝ «չմտածելով անգամ, թե ինչ ստեղծագործություն է ներկայացնելու նվագախումբը»։