Օպերայում նշվեցին Գեղամ Գրիգորյանի հոբելյանները

20:02 • 30.03.11

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական և Լիտվայի վաստակավոր արտիստ, հռչակավոր տենոր Գեղամ Գրիգորյանի ստեղծագործական գործունեության 40 և ծննդյան 60-ամյակին նվիրած համերգը։ Նախքան միջոցառման մեկնարկը՝ նախագահ Սերժ Սարգսյանը օպերային երգարվեստում ունեցած ակնառու դերակատարման և նշանակալի ավանդի համար Գեղամ Գրիգորյանին պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Լրագրողների հետ զրույցում Գեղամ Գրիգորյանը նշեց, որ իր նպատակը իրենից հետո աշակերտներ թողնելն է։ Տենորի խոքով՝ իր ստեղծագործական գործունեության լավագույն տարիները եղել են 80-90-ական թվականները։ Այն հարցին, թե ով կամ ինչն է Գեղամ Գրիգորյանի մուսան, նա պատասխանեց, որ չի մտածել այդ մասին։ «Ուրախ եմ, որ այսքան ժողովուրդ է հավաքվում, ուրախ եմ, որ 40 տարի է՝ երգում եմ, լավ է ամեն ինչ, լավ կլինի ամեն ինչ, վերջում կերևա...»։ Լրագրողների այն հարցին, թե ինչ երազանք ունի Գեղամ Գրիգորյանը, նա պատասխանեց. «Ուզում եմ շուտ ավարտել և գնալ տուն։ Իսկ ավելի լուրջ՝ երազում եմ իմ դպրոցն ունենալ»։ Գեղամ Գրիգորյանը նաև նշեց, որ Հայաստանում նախատեսում է բացել սեփական թատրոնը, որի կառուցման աշխատանքների մի մասն արդեն ավարտված է։

Նշենք, ոչ հռչակավոր հայ տենորը կատարել է 60-ից ավելի օպերային դերերգեր։ Ելույթ է ունեցել աշխարհի ճանաչված բեմերում։ Գեղամ Գրիգորյանը համարվում է աշխարհի լավագույն 40 տենորներից մեկը, աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի, Լուչանո Պավարոտիի և այլոց կողքին նշվում է նաև նրա անունը։