Գրող Ջոն Լե Կառեն հրաժարվել է միջազգային «Բուկեր» մրցանակից
Բազմաթիվ սուր սյուժետային վեպերի հեղինակ, հայտնի գրող Ջոն Լե Կառեն խնդրել է միջազգային «Բուկերի» ժյուրիի անդամներին՝ հանել իր անունը մրցանակի հավակնորդների ցանկից։ Այս մասին նշված է «Բուկերի» պաշտոնական կայքում։
«Ցրտից եկած լրտեսը» և «Հավատարիմ այգեպանը» գրքերի 79-ամյա հեղինակը, որը առաջադրվել է «Գրականության մեջ նշանակալի ավանդ» անվանակարգում, հայտարարել է, որ շատ շոյված է, սակայն սկզբունքային նկատառումներից ելնելով երբևէ չի մասնակցում գրական մրցույթներին։
Այդուամենայնիվ, ժյուրիի նախագահ Ռիկ Ջեկոսկին ասել է, որ Լե Կառեի անունը չի հանվի մրցանակակիրների հավակնորդների վերջնական ցանկից։
«Բուկեր» մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ։ Այն կարող է ստանալ ցանկացած երկրի գրող։ Միակ պայմանն այն է, որ ստեղծագործությունը պետք է գրված լինի անգլերեն կամ թարգանված լինի այդ լեզվով։
2005-ից ի վեր «Բուկեր» մրցանակը շնորհվել է Իսմայիլ Կադարեին, Չինուա Աչեբեին ու Էլիս Մունրոյին։
Մրցանակի հավակնորդների անունը հայտնի է դարձել մարտի 29-ին։ 2011թ. մրցանակի համար կպայքարի 13 գրող, այդ թվում՝ Խուան Գոյստիսոլան, Ամին Մաալուֆը, Ֆիլիպ Փուլմանը, Մերիլին Ռոբինսոնը, Ֆիլիպ Ռոտը և Էնն Թայլերը։
Հաղթողի անունը կհայտարարվի մայիսի 18-ին։










