«Արմմոնո» փառատոնը կբացի գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմայերի մոնոներկայացումը
«Արմմոնո» փառատոնին այս տարի կցուցադրվի 9 արտասահմանյան և նույնքան հայաստանյան ներկայացում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը՝ նշելով, որ այս տարի փառատոնի բացումը կնշանավորվի թատրոնի ու կինոյի անվանի դերասան Ֆիլիպ Հոխմայերի (Գերմանիա) «Վերթեր» մոնոներկայացման ցուցադրությամբ։
Նրա խոսքով՝ լեհական թատրոնների ներկայությունը «Արմմոնոյին» արդեն դարձել է ավանդական, և այս տարի Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի «Ճամփորդություն դեպի Բուենոս Այրես» մոնոներկայացումը լեհ ճանաչված դերասանուհի Գաբրիելա Մուսկալայի կատարմամբ։
Փառատոնն այս տարի ևս կհյուրընկալի Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովին, որը կներկայացնի «Լսելով հեռուն» բեմադրությունը, և Իրինա Եվդոկիմովային՝ «Ոչ ոք» մոնոներկայացմամբ (Ռուսաստան)։
«Այս տարի առաջին անգամ «Արմմոնոյի» շրջանակում կլինեն դերասաններ Իսրայելից և Եգիպտոսից»,- հայտնեց Մխիթարյանը։
Դերասան Սամվել Բաղինյանի («Չափազանց ուրախ և չափազանց տխուր ֆիեստա») խոսքով՝ փառատոնը հայ դերասաններին հնարավորություն է տալիս շփվել իրենց արտասահմանցի «թատերասեր կոլեգաների» հետ։ «Ինձ թվում է՝գալիս է հրեղեն խոսքի ժամանակը»,- ասաց դերասանը։
Դերասան Արամ Հովհաննիսյանը («Արա Գեղեցիկ») իր հերթին ուրախությամբ ասաց, որ «Արմմոնոն» կարծես «հոգու, թատրոնի մոնոաշխարհ լինի», որը հնարավորություն է տալիս հայ դերասանին կայանալ որպես «անհատ դերասան»։
Փառատոնի անցկացման համար մշակույթի նախարարությունը տրամադրել է 4 միլիոն դրամ։
Առաջին «Արմմոնոն» անցկացվել է 2003թ. Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ։
«Արմմոնո» միջազգային թատերական 9-րդ փառատոնը կանցկացվի ապրիլի 3-8-ը։










