Մունկի կտավները գողացողը դարձել է նկարիչ
Նորվեգացի Պալ Էնգերը, որը մասնակցել է նորվեգացի էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի միանգամից երկու՝ «Վամպիր» և «Ճիչ» կտավների հափշտակմանը, դարձել է նկարիչ։ Այս մասին գրում է ավստրիական Der Standart պարբերականը։
Էնգերն իր 14 աշխատանքները ցուցադրել է Օսլոյի թանգարաններից մեկում։ 43-ամյա արտ-գողի կարծիքով՝ իր աշխատանքները չեն զիջում մեծ թանգարաններում կախված աշխատանքներին։ Նա հայտարարել է, որ նկարների վաճառքից գոյացած գումարների օգնությամբ սեփական երեխաներին կստիպի հպարտանալ իրենով։
Նախկին ֆուտբոլիստը «Վամպիրը» գողացել էր Մունկի թանգարանից 1988թ.։ Նրան բռնեցին և պատժաչափի ավարտից հետո Էնգերն այս անգամ մասնակցեց Օսլոյի ազգային պատկերասրահի դեմ հարձակմանը, իսկ 1994-ին արտ-գողը և նրա հանցակիցը ընդամենը 50 վայրկյանում հափշտակեցին հայտնի «Ճիչ» կտավի տարբերակներից մեկը։
Մի քանի ամիս անց գողությունը կրկին բացահայտվեց ու նորվեգացին կրկին հայտնվեց բանտում։ Նա լրագրողներին ասել է, որ ոչ մի առնչություն չունի 2004թ. Մունկի «Մադոննա» և «Ճիչ» կտավների հափշտակության հետ։










