Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշը Նևիլ ան Ֆերանի քաղաքապետարանից հանվեց մեծ կրծքի պատճառով
Ֆրանսիայի Նևիլ ան Ֆերանի քաղաքապետարանը որոշել է «ազատվել» Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշ Մարիաննայի մերկ կիսանդրուց։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը։
Քաղաքապետարանի աշխատակիցների հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը ընդունվել է «Մարիաննայի կրծքի մեծության պատճառով»։ Մասնավորապես, աշխատակիցներից մեկը հայտնել է, որ այդ փարթամ կուծքը պաշտոնական արարողությունների ժամանակ մարդկանց ստիպում է շեղվել հիմնական թեմայից, բամբասել և մեկնաբանություններ անել։
Մարիաննայի կիսանդրին քաղաքապետարանի ամուսնությունների դահլիճում տեղադրվել էր 2007 թ։ Կիսանդրու հեղինակը նշել է, որ ինքը դիտավորյալ է կրծքի չափը մեծացրել, որպեսզի այն երկրի առատաձեռնությունը խորհրդանշի։ Քանդակագործը քաղաքապետարանի այդ որոշումն անհեթեթ է համարել։ «Հույս ունեմ, որ այն չեն ոչնչացնի»,– ասել է քանդակագործը։ 2007թ. քաղաքապետարանն այդ կիսանդրին ձեռք էր բերել 1400 եվրոյով։
Իսկ այս տարվա բյուջեից քաղաքապետը 900 եվրո է հատկացրել՝ առավել ավանդական խորհրդանիշ ձեռք բերելու համար. այսուհետ դահլիճը զարդարելու է հայտնի մանեկենուհի Լետիսիա Կաստայի կիսանդրին։










