Ռուսերեն կհրատարակվեն Մարկեսի նախկինում չթարգմանված ստեղծագործությունները

14:05 • 02.04.11

Ռուսական АСТ հրատարակչությունը տպագրության է պատրաստում Գաբրիել Գարսիա Մարկեսի ընդհանուր առմամբ 10 վեպ ու վիպակ: Մասնավորապես, լույս կընծայվեն հեղինակի` երբևէ ռուսերեն չթարգմանված մեմուարները, պատմվածքների ժողովածուներն ու հրապարակախոսությունը:

АСТ-ն անցած տարի դարձել է ռուսական առաջին պաշտոնական հրատարակչությունը, որն իրավունք է ստացել տպագրել կոլումբացի գրողի բոլոր ստեղծագործությունները:

Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», հրատարակչությունն արդեն տպագրել է գրողի «Հարյուր տարվա մենություն», «Գեներալն իր լաբիրինթոսում» «Գնդապետին ոչ ոք չի գրում» ստեղծագործությունները:

Հրատարակչությունից գործակալությանը հայտնել են, որ АСТ-ն իսպանական Carmen Balcells խոշորագույն գործակալությունից գնել է Գարսիա Մարկեսի բոլոր գրքերի տպագրության իրավունքը և դարձել աշխարհահռչակ գրողի ստեղծագործությունները հրատարակող միակ պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանում:

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբացի հայտնի արձակագիր է, լրագրող, քաղաքական գործիչ, որին 1982թ. շնորհվեց Նոբելյան մրցանակ: Նա համարվում է «մոգական ռեալիզմի» ներկայացուցիչ ու 20-րդ դարի լատինաամերիկյան և համաշխարհային արձակի կորիֆեուս: