Մեկնարկել է Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնը. մասնակցում են նաև հայ ռեժիսորներ
Ապրիլի 1-ին մեկնարկել է Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 17-ը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպված կինոփառատոնի շրջանակում 230 ֆիլմ է ցուցադրվելու։
Կինոփառատոնին մասնակցում են նաև հայ կինոռեժիսորներ, որոնց ֆիլմերը նկարահանվել են Հայ–թուրքական կինոպլատֆորմի աջակցությամբ։
Կինոպլատֆորմի աջակցությամբ նկարահանված հինգ ֆիլմերը՝ «Գալաթա» (Դիանա Կարդումյան), «Աղավնիների վարպետը» (Արթուր Սուքիասյան), «Մի կորցրեք երեխաներին» (Գյուլենգյուլ Ալթընթաշ), «Հարևանները» (Գոռ Բաղդասարյան) և «Տիկնիկային թատրոն» (Ջանայ Օզդեն և Ալթան Բալ) հանդիսատեսի դատին կհանձնվեն ապրիլի 12-ին՝ Ստամբուլի «Փերա» թանգարանում։










