Երեք նախագահներն էլ ամեն ինչ արեցին, որ կինոյի նման հզոր զենքը չկիրառվի. կինոռեժիսոր
«Կինոն այնպիսի հզոր զենք է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այդ հզոր զենքը չկիրառվի»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ու հիշեցրեց «Հայֆիլմ» կինոստուդիայի վաճառքի և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի լուծարման պատմությունները։
«Դա էր պատճառը, որ 5–6 տարի առաջ երկրում փակվեցին, լուծարվեցին, ծիծաղելի գնով վաճառվեցին երկու կինոստուդիաները։ «Հայֆիլմը», եթե չեմ սխալվում, վաճառվեց կես մլն դոլարի չափով, այսինքն՝ մի քանի սենյականոց բնակարանի արժեքով, իսկ հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան, որը ես պատիվ ունեի գլխավոր 8,5 տարի, ուղղակի լուծարվեց և բոլոր ֆիլմերը փոխանցվեցին Հ1–ին՝ ամենքը 5200 դրամով, եթե չեմ սխալվում, ինձ այդպիսի փաստաթղթեր են ցույց տվել»,– ասաց նա։
Կինոռեժիսորի գնահատմամբ՝ այդ ամենն արվել էր, որպեսզի Հայաստանում կինո չլինի, որովհետև կինոն դա գաղափարախոսություն է, իսկ առնվազն պատերազմից հետո «Հայաստանի հիմնական գաղափարախոսությունը գաղափարախոսության բացակայությունն էր, որն իրականացվում էր երեք նախագահների օրոք»։
«Մեկը ազգային գաղափարախոսությունն անվանում էր կեղծ կատեգորիա, երկրորդը «Ոսկե ծիրան» փառատոնի բացմանն ասաց, որ մեզ Ֆելինի և Փարաջանովներ պետք չեն, շատ լավ հիշում եմ, որովհետև ներկա էի, իսկ հիմա եթերով ուղղակի վխտում է այն, ինչ դուք ամեն օր նայում եք կամ երևի չեք նայում, որովհետ դա վերահսկելու, բռնաբարելու և զոմբիացնելու հզոր միջոց է, դա կինո չէ»,– ասաց կինոռեժիսորը։
Տիգրան Խզմալյանը նաև տեղեկացրեց, որ ինքն ապրիլի վերջին շաբաթը հրավիրված է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ցուցադրվելու է պարսկերեն թարգմանված իր ֆիլմերից մեկը՝ «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը։
«Հասկանալով Իրանի Իսլամական Հանրապետության յուրահատկությունները՝ կարելի է կռահել, որ դա ոչ միայն մասնավոր հրավեր է կամ մասնավոր որոշում։ Ես հպարտ եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ապրիլի 24–ին անդրադառնում է մեր պատմության բեկումնային պահին և իմ համեստ աշխատանքը նպաստում է դրան»,– ասաց նա՝ հիշեցնելով, որ իր նշված ֆիլմն այս օրերին թարգմանվում է գերմաներեն, երկու տարի առաջ թարգմանվել էր լեհերեն, դրանից առաջ՝ ֆրանսերեն։
Կինոռեժիսորը պատրաստվում է նաև մայիսին Կիևում կայանալիք հայկական ֆիլմերի փառատոնին ներկայացնել իր երեք կինոաշխատանքները։
«Այս օրերին ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես ես չեմ կարող զբաղվել մաքուր արվեստով, ինչպես պետք է զբաղվի արվեստագետը։ Ես զբաղված եմ հեղափոխության արվեստով, ես փորձում եմ սովորել այս արվեստն ու արհեստը»,– եզրափակեց կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։










