Թեյլոր Սվիֆթը ճանաչվել է քանթրի ժանրի «Տարվա լավագույն էստրադային կատարող»

17:31 • 04.04.11

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը քանթրի երաժշտության ամերիկյան ակադեմիայի կողմից նախօրեին արժանացել է «Տարվա լավագույն էստրադային կատարող» պատվավոր կոչմանը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։

Թեյլորի հիմնական հակառակորդն այս անվանակարգում Միրանդա Լամբերտն էր իր The House That Built Me կոմպոզիցիայով։ Երգչուհու երգը ճանաչվել է «Տարվա երգ», իսկ Լամբերտը՝ «Տարվա երգչուհի»։

Տարվա «Լավագույն տղամարդ վոկալիստ» է ճանաչվել Բրեդ Փեյսլին, «Լավագույն խումբ»՝ Lady Antebellum-ը։

Թեյլորը 2007թ. հոկտեմբերին Նեշվիլի հեղինակային երգերի միջազգային ասոցիացիայի կողմից ճանաչվել էր «Տարվա լավագույն կատարող» ու հեղինակ՝ դառնալով մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, Թեյլորը ստացավ Grammy մրցանակ՝ որպես «Լավագույն նոր կատարող»։ Նույն տարում Թեյլորի Fearless ստուդիական ալբոմը Billboard 200-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և վաճառվեց ավելի քան 500 հազար օրինակով՝ սահմանելով ռեկորդ։

2008թ. Թեյլորին «Ապագա սուպերաստղ» անվանակարգում շնորհվեց նաև «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակը։

Քանթրի երաժշտական ոճը Հյուսիսային Ամերիկայում ամենասիրված ու հարգված երաժշտական ժանրերից է, որը միավորում է ամերիկյան ֆոլկլորի երկու՝ Ամերիկա ոտք դրած եվրոպացիների երգերն ու Վայրի արևմուտքի կովբոյական բալլադները։
Քանթրի երաժշտության ակադեմիան հիմնադրվել է 1964թ.։