Կայացավ «Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխությունը. աստղերը նվեր ստացան տներ ու մեքենաներ

15:30 • 04.04.11

Կրեմլի պետական պալատում երեկ կայացավ «Տաշիր-2011» համահայկական ամենամյա երաժշտական 5-րդ մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էր հայաստանյան էստրադայի ամբողջ «աստղաբույլը»։

Մրցանակաբաշխությանն ուղիղ եթերով հնարավորություն ունեին հետևել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը, իսկ Հայաստանում այն ուղիղ եթերով հեռարձակում էր «Արմենիա» հեռուստաընկերությունը։

Մի քանի ժամ տևողությամբ մրցանակաբաշխությունը վարեցին Մարկ Սաղաթելյանը և Վերա Բրեժնևան, Գարիկ Մարտիրոսյանը և Քսենյա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը և Օքսանա Ֆյոդորովան:

Հեռուստադիտողները sms քվեարկության միջոցով հնարավորություն ունեին ընտրել «Տարվա հայտնություն» անվանակարգի հաղթողին։ Քվեարկության ընթացքում Էմմին ճանաչվեց «Տարվա լավագույն երգչուհի», իսկ Մարտին Մկրտչյանը՝ «Տարվա հայտնություն»։ Որպես մրցանակ նա կստանա Մոսկվայի լավագույն ռեժիսորների կողմից նկարահանված տեսահոլովակ: «Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը:

Այս անգամ կազմակերպիչները երգիչ-երգչուհիներին նվիրեցին բնակարաններ ու մեքենաներ։ «Տաշիր-2011»-ի շրջանակում Երևանում բնակարաններ ստացան «Մանկական Եվրատեսլիլի» հաղթող Վլադիմիր Արզումանյանը, Նունե Եսայանը, Ջիվան Գասպարյանը, Սիրուշոն, Շուշան Պետրոսյանը, Արման Հովհաննիսյանը, թանկարժեք մեքենաներ՝ երգչուհիներ Լուսինան և Էմմին։

«Տաշիր 2011»-ին մասնակցեցին համաշխարհային մեծության աստղեր Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտունիոն, Մանոնոն ու Gipsygitanes-ը, Ստաս Միխայլովը, Comedy Club-ի հայտնի հաղորդավարներ։

Մրցանակաբաշխության կազմակերպիչը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է։