Արմեն Աշոտյանը նկարիչներին հորդորեց արարել՝ անկախ նրանից՝ դա ոմանց դուր կգա, թե ոչ

17:18 • 05.04.11

Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց բուհի դասախոսների և ուսանողների նկարների ցուցահանդեսը։

Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ բուհի հիմնադրման 65-ամյակը նախորդ տարի էր լրացել (բուհը հիմնադրվել է 1945 թ.-ին), սակայն ինչ-ինչ պատճառներով այն այս տարի է հանդիսավորությամբ նշվում։
«Այդ 65 տարիների այսօվա արդյունքն այն է, որ մենք կարող ենք ասել, որ մեր հայ ժողովրդի ամենակարևոր կերպարվեստի բուհը Գեղարվեստի ակադեմիան է»,- նշեց նա։

Ռեկտորի խոսքով՝ այսօր արդեն բուհի ուսանողների 20 տոկոսից ավելին արտասահմանցիներ են, ակադեմիան համագործակցում է աշխարհի ամենահայտնի արվեստի բուհերի հետ։

«Ուզում եմ փաստել, որ այն վերելքը, որը մենք ունեցել ենք, դա շատ է ինձ ուրախացնում, քանի որ համընկել է մեր երկրի անկախության տարիների հետ»,- ասաց նա։

Միջոցառմանը ներկա էր նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հայտնի նկարիչներից մեկի խոսքը հիշեց. «Ամեն մի նոր դիմանկար ստեղծելիս ես մի հին ընկեր եմ կորցնում»։

Նախարարն ակադեմիայի նկարիչներին հորդորեց շարունակել արարել, անկախ նրանից՝ դա ոմանց դուր կգա, թե՝ ոչ։

«Ես հուսով եմ, որ մի օր պատվի կարժանամամ մեր հայտնի նկարիչների կողմից դիմանկար ունենալու։ Խոստանում եմ, որ չեմ նեղվի, անկախ նրանից, թե ինչ ոճաբանական լուծումների մեջ կդիտվի համեստ կերպարն իմ»,- կատակեց Արմեն Աշոտյանը։

Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ Ազգային պատկերասրահում նաև հանդիսավոր նիստ կանցկացվի։