Մեկնարկում է Այլընտրանքային արվեստի ամենամյա 15-րդ փառատոնը

16:38 • 06.04.11

Այլընտրանքային արվեստի 15-րդ փառատոնն այս տարի կմեկնարկի ապրիլի 8-ին։ Այս մասին այսօր հայտնեց ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժնի տնօրեն Սեդա Շեկոյանը՝ նշելով, որ այս փառատոնը «ՆՓԱԿ-ի ամենածրագրային փառատոներից է, որի պատմությունն սկսվում է 1996-ից»։

«Փառատոնի հիմնական նպատակը, առաքելությունը ժամանակակից արվեստի ոլորտում նոր դեմքերի հայտնաբերումն է։ Տարիքային սահմանափակում, ձևաչափ չկա»,- փառատոնի առանձնահատկությունները ներկայացրեց Շեկոյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա փառատոնի հիմնական առանձնահատկությունը «համադրական ընտրության բացակայությունն է»։

Այս տարի առաջին անգամ Այլընտրանքային արվեստի փառատոնի ծրագրում ներառվել է գրականության բաժինը։ «Հիմնականում սկսնակ գրողներ են՝ ծանոթ բլոգոսֆերային, սոցիալական ցանցերից»,- նշեց Սեդա Շեկոյանը։

«Այս տարի ունենք 42 մասնակից կերպարվեստի բաժնում, 10 հայտ՝ երաժշտության, 5-ական հայտեր գրականության, թատրոնի ու կինոյի բաժիններում»,- հայտնեց փառատոնի համակարգող Արփա Հակոբյանը։
«Այս տարի փառատոնը կսկսենք ամսի 9-ին ֆրանսիացի բանասաց Լոդելին Քյոնինգի «Քամին» գործով, այնուհետև ամսի 19-ին կլինեն «Մեկ քառակուսի մետր» փառատոնի շարունակությունները»,- տեղեկացրեց ՆՓԱԿ կինոյի, վիդեոյի, թատրոնի բաժնի տնօրեն Վահրամ Ակիմյանը։

Փառատոնի ռոք և ավանգարդ բաժինը կներկայացնի 8 խումբ ու 2 մենակատար։ Այս բաժնում հայտերի ընդունման հիմնական պայմանը եղել է նորաստեղծ լինելն ու հեղինակային երգ մատուցելը։