Դե տուն ա, թող տան, ուրախանա, էլի. Ջիվան Գասպարյանը՝ «Տաշիր 2011»-ի նվերների մասին
Դուդուկի վարպետ և կրտսեր Ջիվան Գասպարյաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին Վլադիմիր Սպիվակովի հետ իրենց համերգի մասին, որը կայացել է Մոսկվայի Երաժշտության տանը մարտի 26-ին։ Ջիվան Գասպարյան ավագը պատմեց, որ համերգից հետո երիտասարդ ռուս աղջիկները գրկել են իրեն, ասել, որ նոր են հասկանում հայկական երաժշտությունը։
Հայտնի դուդուկահարը նշեց, որ համերգի առաջարկն իրեն արել էր Սպիվակովը Երևանում։ Ըստ նրա՝ ժողովրդական գործիքի մեղեդայնությունը հրաշալի էր համատեղված «Վիրտուոզների նվագախմբի» գործիքների հնչողության հետ։ Ըստ Գասպարյանի՝ հանդիսատեսը, որի 90 տոկոսը ռուսներ էին, հիացած էր, հուզված, իսկ ռուսական թերթերը շատ բարձր են գնահատել այս համերգը։
«Նվագել ենք Օսիպովի անսամբլի հետ, այլ անսամբլների հետ։ Որ նվագում ես լավ երաժիշների հետ, քեզ ոնց որ ոգևորեն»,- նշեց կրտսեր Ջիվանը։
Պապ ու թոռ երաժիշտները հայտնեցին, որ ապրիլի 29-ին իրենք համերգով հանես կգան Կրեմլի դահլիճում, որից հետո՝ հավանաբար, աշնանը, այդ նույն համերգը կհնչի նաև հայ հանդիսատեսի համար։
Անդրադառնալով «Տաշիր 2011» համերգ-մրցանակաբաշխության ժամանակ կազմակերպիչների կողմից աստղերին բնակարաններ և ավտոմեքենաներ նվիրելուն՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք Սիրուշոյին նայում՝ որպես Ռոբերտ Քոչարյանի հարս։ Նայեք որպես աղջիկ, որ երգում ա, էլի։ Դե տուն ա, թող տան, ուրախանա, էլի»,- ասաց նա։
«Արտիստը մեղք չունի, որ իրեն նվիրել են։ Սա իմ առաջին նվերն է։ Մինչև հիմա ստացել եմ կոչումներ, պարգևներ, էսպիսի նվեր Հայաստանից... ասեք, եթե արժանի չեմ։ Եթե որպես օգնություն վերցնենք, գյուղացիների համար էնքան օգնություն ու բան են ստանում… բոլորս գիտենք»,- ասաց նա՝ հավելելով, որ սա օգնություն չէր Հայաստանի սոցիալական կարիքներին, այլ նվեր՝ բազմավաստակ արտիստներին։










