Մեծ Բրիտանիան և Գերմանիան իրար մեջ կբաժանեն Կաֆկայի նամակները
Գրող Ֆրանց Կաֆկայի ավելի քան 100 նամակներն ու բացիկները, որոնք գրողը հասցեագրել է քրոջը՝ Օտլային, իրար մեջ կբաժանեն Մեծ Բրիտանիան և Գերմանիան։
Փաստաթղթերն ի պահ կտրվեն Օքսֆորդի համալսարանին ու Գերմանիայի գրական արխիվին։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։
Օտլան գրողի երեք կրտսեր քույրերից մեկն է, ում Կաֆկան բազմաթիվ նամակներ է հասցեագրել։ Նա Կաֆկայի մյուս քույրերի հետ մահացել է պատերազմի ժամանակ՝ համակենտրոնացման ճամբարներում։
Գրողի նամակները շուրջ 40 տարի պահվում էին Օքսֆորդում, սակայն մեկ տարի առաջ գրողի ժառանգները հայտարարեցին, թե դրանք աճուրդի են հանում։ Օքսֆորդի համալսարանի Բոդլինյան գրադարանը չկարողացավ ձեռք բերել Կաֆկայի բոլոր փաստաթղթերը և ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմեց Գերմանիայի գրականության արխիվին։ Առայժմ հայտնի չէ, թե որքան են արժեցել գնումները և որ նամակները որ երկրում են պահվելու։
Ներկայում Կաֆկայի ձեռագրերի հիմնական մասը դեռ սպասում է հրատարակման։ 2010թ. այդպիսի որոշում է կայացրել իսրայելական դատարանը։
1924թ. մահացած Կաֆկայի ամբողջ արխիվը ժառանգեց նրա ընկերն ու կենսագիրը՝ Մաքս Բրոդը, որից էլ գրողի ձեռագրերն իրավական տեսանկյունից անհայտ եղանակներով անցան Բրոդի քարտուղարուհուն՝ Էսթեր Հոֆեին, որին վարձել էին Կաֆկայի վատ ձեռագրից գլուխ հանելու համար։
2007թ. Հոֆեի մահից հետո գրողի՝ հասարակությանն անհայտ ձեռագրերն անցան նրա դուստրերին, որոնք մտադիր էին ոչ թե հրատարակել, այլ շահույթ ստանալ ձեռագրերից։ Հայտնի է, որ Բրոդի արխիվում պահվում է Կաֆկայի առնվազն մեկ չհրատարակված պատմվածք։










