«Կուկարաչա» առաջին եռաչափ հայկական մուլֆիլմը երևանյան էկրանին է
«Մոսկվա» կինոթատրոնում այսօրվանից կցուցադրվի առաջին հայկական 3D անիմացիոն ֆիլմը՝ «Կուկարաչան»։
Ինչպես այսօրվա ասուլիսին հայտնեց նախագծի պրոդյուսեր Վահե Սարգսյանը, հայ-ռուսական արտադրության այս մուլտֆիլմի շնորհանդեսն արդեն կայացել է Մոսկվայում, որտեղ այն շարունակում է մնալ էկրանին։
Ֆիլմը նկարահանվել է «Touch FX» ստուդիայում, ռեժիսորն է Արմեն Ադիլխանյանը։ 77 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանման աշխատանքներն ընթացել են ավելի քան երեք տարի։ Վահե Սարգսյանը նշեց, որ եթե հոլիվուդյան մուլտֆելմերի բյուջեն կազմում է 80-120 մլն դոլար, և դրանցից յուրաքանչյուրի վրա աշխատում է 200-500 մարդ, ապա 20 մարդու մասնակցությամբ նկարահանված առաջին հայկական մուլտֆիլմի նկարահանման և պրոդյուսերական ծախսերը կազմել են մոտ 4.5 մլն դոլար։
««Կուկարաչա» նշանակում է рыжый таракан. նա ֆիլմի գլխավոր հերոսն է, իսկ տառականի կերպարն ընտրվել է՝ ցույց տալու համար, որ ամենաչսիրված կենդանիներն էլ սիրում են, կարող են լինել լավը, բարի»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ֆիլմը սիրո, ընկերության ու հաղթանակի մասին է։
«Հնչել է և հնչում է անառողջ ու առողջ քննադատություն. այն վերաբերում է և տեխնիկական, և սցենարային և այլ հարցերի։ Մենք ամեն բան հաշվի ենք առնում, սա մեծ փորձ էր մեզ համար»,- նշեց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն վեց ամիս է՝ ընթացքի մեջ է իրենց երկրորդ նախագիծը. ռուս ռեժիսորի հետ իրականացվող От винта նախագիծը նախատեսվում է ավարտել մոտ մեկ տարուց։
«Օգտագործվել են 3D max, Motion Builder ծրագրերը,- Tert.am-ի հետ զրույցում նշեց «Touch FX» անիմացիոն ստուդիայի տնօրեն Վարդան Կարապետյանը,- և եթե երկրորդը տարածված ծրագիր է մուլտիպլիկացիայում, ապա 3D max- ով արտադրված ուրիշ մուլտֆիլմի մասին ես չգիտեմ»,- ասաց նա՝ նշելով, որ մեր կրթական համակարգում կա այդ բացը։ Կարապետյանի խոսքով՝ թեպետ առանձին բաժիններ կամ ֆակուլտետներ ունեն Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, սակայն, ըստ էության, ստուդիա աշխատանքի ընդունելիս իրենք ստիպված են սովորեցնել աշխատանքային ծրագրերը զրոյից։










