Սառա Քոնորի չկայացած համերգի տոմսերի գումարը պետք է հետ վերադարձվի մինչև ապրիլի 10-ը

16:31 • 06.04.11

Աշխարհահռչակ երգչուհի Սառա Քոնորի Երևանում չկայացած համերգի տոմսերը հետ վերադարձնելու համար արդեն 30-ից ավելի մարդ է դիմել ոստիկանություն։ Համերգի կազմակերպիչը «VH Music» ընկերությունն էր, որն էլ վաճառել էր տոմսերը, սակայն համերգի չկայացման որոշումից հետո դրանք հետ չէր վերադարձրել։

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը ոստիկանությունում գրավոր խոստացել է տոմս գնած քաղաքացիներին իրենց գումարը վերադարձնել մինչև ապրիլի 10-ը: Խոստումը չկատարելու դեպքում նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի։

Հիշեցնենք, որ Սառա Քոնորի համերգը պետք է տեղի ունենար մարտի 8-ին՝ Մարզահամերգային համալիրում։ Համերգի տոմսերը վաճառվել էին 3-30 հազար դրամով։ Համերգը չեղյալ հայտարարելուց հետո «VH Music» ընկերության գրասնեյակը փակվել էր, տոմսերի գումարն էլ չէր փոխհատուցվել։