Հովիկ Աբրահամյանն այցելել է դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 6-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է ժողովրդական դերասանուհի Սվետլանա Գրիգորյանին:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհին խորհրդարանի նախագահի կողմից պարգևատրվել էր Ազգային ժողովի Պատվո մեդալով, սակայն առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկա գտնվել ԱԺ-ում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Հովիկ Աբրահամյանը դերասանուհուն պարգևը հանձնել է նրա տանը: Շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` ԱԺ նախագահը մաղթել է նրան շուտափույթ ապաքինում, հաջողություն և բեղմնավոր գործունեություն։
Սվետլանա Գրիգորյանը հանկարծակիի է եկել Ազգային ժողովի նախագահի այցելությունից: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հովիկ Աբրահամյանին և նրան նվիրել իր հեղինակած գիրքը:










