Բացվեց «Մարդը և տիեզերքը» ֆիլատելիստական ցուցահանդեսը

19:44 • 07.04.11

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում այսօր բացվեց «Մարդը և տիեզերքը» խորագրով հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը։ Այն նվիրված է տիերզերագնաց Յուրի Գագարինի՝ տիեզերք թռչելու 50-ամյակին։ Այս մասին տեղեկացրեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Նա կարևորեց ցուցահանդեսի բացումը Հայաստանի ֆիլատելիստների համար՝ «շատ խորհրդանշական» համարելով ցուցահանդեսի բացումը հենց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։

«Երեկ մինչև ուշ երեկո ֆիլատելիստներից շատերն այստեղ են եղել, մեծ դժվարությամբ են կարողացել պատրաստել ստենդները»,- ասաց Մուսայելյանը՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսի փակման արարողությունը, որը տեղի է ունենալու ապրիլի 13-ին, «պակաս կարևոր չի լինի, քանի որ այդ օրը կհանձնվեն բոլոր մրցանակները և մեդալները»։

Նամականիշների զգալի մասի թեմատիկան տիեզերքն էր, առկա էին Գագարինին պատկերող բազմաթիվ հետաքրքիր նամականիշներ։ Ցուցահանդեսին ներկայացված էր Հայաստանի ֆիլատելիստների միության (ՀՖՄ) անդամ 16 կոլեկցիոների հավաքածու։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի ֆիլատելիստների միությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և «Հայփոստ» ընկերությունը։