Ավարտվեց «Արմմոնո» մոնոներկայացումների 9-րդ միջազգային փառատոնը

16:30 • 11.04.11

«Ժամանակը շուտ է թռչում, և արդեն անցյալով կարելի է ասել, որ ապրիլի 3-8-ը Երևանում անցկացվեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային 9-րդ թատերական փառատոնը, որն արդեն պատմություն դարձավ»,- փառատոնի փակմանը նվիրված ասուլիսին ասաց «Արմմոնոյի» նախագահ Մարիաննա Մխիթարյանը։

Այս տարվա փառատոնի անցկացմանը օժանդակել էին Գերմանիայի ու Ֆրանսիայի դեսպանատները, որոնք հոգացել էին այս երկրները ներկայացնող մասնակիցների ծախսերը։ «Ֆրանսիայի դեսպանատունը նվիրեց 2 ներկայացում, 1-ը չեկավ տեխնիկական պատճառով»,- տեղեկացրեց Մխիթարյանը՝ նշելով, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Գերմանիայի դեսպանատան հետ՝ կապված գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմայերին ևս մեկ անգամ Երևան հրավիրելու հետ։

Իր խոսքում նա նշեց, որ եղան նաև «ոչ իդեալական ներկայացումներ»՝ լի տեխնիկական խնդիրներով։ Ըստ նրա՝ բավական հակասական էին արձագանքները հատկապես Ֆիլիպ Հոխմայերի «Վերթեր» ներկայացման վերաբերյալ, առանձնացրեց լեհ, լիտվացի, ռուս, իսրայելցի դերասանուհիների փայլուն խաղը։

«Մոնո ժանրը դերասանի արվեստ է։ Դա մենախոսություն է ինքն իր հետ»,- ասաց նա՝ առանձնացնելով Ցոլակ Մլքե-Գալստյանի բեմադրությունը։

Փառատոնի նախագահն ուրախությամբ նշեց, որ տարբեր երկրներից արդեն հրավերներ է ստացել բեմադրիչ Գոռ Մարգարյանի «Լյուսիեն Լյուկ» ներկայացումը՝ Նարեկ Ներսիսյանի դերակատարմամբ։ «Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում...» մոնոներկայացումը շատ մեծ հաջողություն ունեցավ ու ստացավ 1-2 հրավեր»,- հայտնեց Մխիթարյանը՝ խոստանալով հրավերների ու ձեռքբերումների մասին պատմել արդեն հաջորդ «Արմմոնոյի» ժամանակ։

Փառատոնն անցկացվում էր մշակույթի նախարարարության, ՀԹԳՄ-ի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ։