System of a Down-ը հայտարարել է լավագույն երգացանկի մրցույթ

17:38 • 11.04.11

Ամերիկյան System of a Down ռոք խումբն իր երկրպագուներին առաջարկել է ինքնուրույն կազմել խմբի ապագա ելույթների երգացանկը։

Ցանկացողները խմբի կայքում կարող են լրացնել հատուկ հարցաթերթիկ և ընտրել այն վեց երգերը, որոնք կցանկանային լսել System of a Down-ի համերգներին։ Լավագույն երգացանկը կազմողներին կտրամադրվի խմբի՝ իրենց քաղաքում կայանալիք շոուին մասնակցության երկուական տոմս ու խմբի բոլոր անդամների ստորագրությամբ երգացանկի ձայնագրության մեկ օրինակ։

Մրցույթը, որի վերջնաժամկետը ապրիլի 28-ն է, կտարածվի խմբի՝ մայիսի 10-25-ը հյուսիսամերիկյան տուրի, ինչպես նաև Եվրոպայում հունիսի 11-ին ու Մոսկվայում հունիսի 21-ին կայանալիք համերգների վրա։

Ավելի քան 5 տարի առաջ բաժանված System of a Down ռոք խմբի անդամները պաշտոնապես իրենց միավորման մասին հայտարարեցին 2010թ. նոյեմբերին։ Առայժմ տեղեկություններ չկան խմբի նոր ալբոմի ձայնագրման աշխատանքների մասին։